ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Տիգրան Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից:
ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա օգոստոսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն ծառայողական քննություն էր նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ, ում լիազորությունները դադարեցվել էին մինչեւ ծառայողական քննության ավարտը: Միեւնույն ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան գրություն էր ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ հնարավոր չարաշահումների վերաբերյալ հարկադիր կատարողի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար:
Ծառայողական քննության արդյունքում հաստատվել են Տիգրան Խաչատրյանի կողմից օրենսդրական մի շարք դրույթների խախտման փաստերը: Մասնավորապես, վերջինիս կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում չեն հարուցվել կատարողական վարույթներ եւ չեն իրականացվել օրենքով սահմանված գործողություններ: Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել նաեւ հավաստի տվյալներ այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը մի շարք կատարողական վարույթներով պարտապաններից բռնագանձել է գումարներ, որոնք չեն մուտքագրվել Ծառայության դեպոզիտ հաշվին եւ յուրացվել են:





























