Հայկական ոսկեգործության ոլորտի 6 ընկերություններ այս պահին Հայաստանը ներկայացնում են  Աստանայում ընթացող «ԱՌՈՒ 2015»՝ արդեն 25-րդ ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայկական ընկերությունները ներկայացնում են ոսկերչական զարդեր, մշակված թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, ժամացույցներ, արծաթյա սպասք եւ այլն:

Հիմնադրամը միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցում է Հայաստանի կառավարության՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ծրագրի շրջանակում:

«Եվրասիական շուկան բավականին մեծ է եւ հայ արտադրողների կողմից դեռեւս ամբողջովին չյուրացրած, ուստի, հայկական ընկերությունների՝ «ԱՌՈՒ 2015»-ին մասնակցությունը կարող է լավ խթան դառնալ մեր ոսկերչական զարդերի արտահանման, մեր վարպետների ու նրանց ստեղծած ոսկերչական զարդերի ու իրերի ճանաչելիության բարձրացման եւ միջազգային շուկայում ավելի մեծ տարածման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը: