Շվեդիայի հարավում գտնվող Կրունուբերգ նահանգի Յունգբյու համայնքի Կոննա տեղանքում անցյալ գիշեր ամբողջությամբ այրվել է դպրոցի նախկին շենքը, որը նախապատրաստել էին փախստականների ընդունման համար: Այդ մասին շաբաթ օրը տեղեկացնում է ТТ գործակալությունը:
Նրա տվյալներով, շենքում արդեն մահճակալներ եւ ներքնակներ էին տեղադրվել եւ նախատեսված էր 80 ներգաղթյալի տեղավորել այնտեղ: Հրդեհից ոչ ոք չի տուժել: Օրենքի պահապանները շրջապատել են դեպքի վայրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պատահածի վերաբերյալ ոստիկանության վարկածներից մեկը դիտավորյալ հրդեհումն է: «Հիմքեր կան հենց դա ենթադրելու: Այդ գործը քննվում է «դիտավորյալ հրդեհում» հոդվածով, -պատմել է քննության ղեկավար Աննա-Լենա Ռինգբական:
Անցյալ հանգստյան օրերին Շվեդիան գերազանցել է փախստականների ընդունման ռեկորդը: Եթե 1992-ին Բալկաններում պատերազմի հետեւանքով այդ ցուցանիշը կազմել էր 84 018 մարդ, ապա ընթացիկ տարվա մոտ 10 ամիսների ընթացքում այն արդեն հավասար է 86 223-ի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը, 9,5 միլիոն բնակչություն ունեցող Շվեդիայում ներգաղթյալների ընդհանուր թիվը կարող է կազմել 150 հազար մարդ: Սա Եվրոպայում մեկ շնչին ընկնող ամենամեծ ցուցանիշն է:




























