Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հույս ունի, որ իր պաշտոնավարման տարիներին ինքն ականատես կլինի Հայաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպմանը։ Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գերմանիայի դեսպանության  կազմակերպած բարեգործական ֆուտբոլային միջազգային մրցաշարի բացման ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

«Ֆուտբոլը միշտ միավորում է մարդկանց, եւ ես շատ ուրախ եմ որ այսօր այս մրցաշարին բավականին շատ թիմեր են մասնակցում։

Կցանկանայի մաղթել, որ Հայաստանի հավաքականը միշտ ուժեղ լիներ։ Ես ներկա եմ եղել Դանիայի եւ Ալբանայի խաղերին։ Հատկապես մեծ ուշադրությամբ էի հետեւում Դանիայի հետ խաղին եւ շատ էի ուզում, որ Հայաստանը հաղթեր։ Կարծում եմ, որ որակավորման հաջորդ փուլում Հայաստանի շանսերն ավելի մեծ կլինեն, քանի որ այսօր չկան ցածր եւ բարձր կարգի թիմեր, եւ մենք տեսնում ենք, որ անգամ Հոլանդիան մեծ դժվարություններ է ունենում։ Ես շատ կցանկանայի իմ՝ դեսպան լինելու տարիներին այստեղ ականատես լինել Հայաստան-Գերմանիա հանդիպմանը»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ մրցաշարը մեկնարկել է Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի դահլիճում։ Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը եւ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ով շնորհավորեց պարոն Քիսլերին հոբելյանական ամսաթվի կապակցությամբ։

Մրցաշարում իրենց ուժերն են չափում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Գերմանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Թուրքմենստանի, ԱՄՆ դեսպանությունների, հետեւյալ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ պատվիրակության, QSI միջազգային դպրոցի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության թիմերը: