Ուրբաթ ուշ երեկոյան պայթուցիկ սարք են նետել ոստիկանական պարեկի վրա, որը Բելֆասթի արեւելքում Շորթ Սթրենդ թաղամասի կաթոլիկ մասում կարգուկանոնին էր հետեւում: Սարքը չի պայթել զուտ երջանիկ պատահականությամբ: Այս մասին շաբաթ հայտնել է Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական ծառայության գլխավոր ոստիկան Ջորջ Հեմիլթոնը:

«Սարքը որն անցած գիշեր Շորթ Սթրենդում նետել են ոստիկանների վրա, կարող էր սպանել կամ վիրավորել թե իրավապահներին, թե տեղի բնակիչներին», - արձանագրել է Օլսթերի ոստիկանապետը: Բացի դրանից իշխանությունները ստիպված են եղել տարհանել պատահարի վայրին հարակից բնակավայրերի բնակիչներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սա վերջին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ լուրջ միջադեպն է Հյուսիսային Իռլանդիայի վարչական կենտրոնում. հինգշաբթի Բելֆասթի հյուսիսային մասում՝ Լինդեն Գարդենս թաղամասի փողոցներից մեկում, պայթուցիկ սարք էր հայտնաբերվել: Քննչությունը չի բացառում, որ այն կարող էր ընկած լինել ինչ-որ մեկի ավտոմեքենայից: