Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն օգոստոսի 17-25-ը համակարգի աշխատակիցների հերթական վերապատրաստման դասընթացներն է կազմակերպել: Այն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ Հարկային վարչարարության բարեփոխումներն օժանդակող տեխնիկական աջակցության ծրագրի հետ համատեղ:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացներին մասնակցել են ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման աշխատանքներում ներգրավված շուրջ 220 աշխատակիցներ` տարբեր մարզերից:
Ուսուցումը նպատակ է ունեցել ընդլայնել ՊԵԿ-ի աշխատակիցների գիտելիքները` համապատասխան տեղեկատվություն ապահովելով ընթացիկ օրենսդրական եւ ընթացակարգային հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հարկ վճարողների սպասարկման ռազմավարության եւ դրան առնչվող միջազգային լավագույն փորձի վերաբերյալ:
«Այս ամենը միտված է հարկային ծառայողների կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների, սպասարկման մակարդակը բարձրացնելուն, վերջիններիս մոտ հարկային օրենսդրության իրազեկվածության աստիճանը բարձրացնելուն, քանի որ նրանց կողմից կատարվող հարկային օրենսդրության պահանջների խախտումների զգալի մասը հենց օրենքների չիմացության հետեւանք է»,-նշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի ՏՀՏ պետ Վախթանգ Սիսակյանը:
Ինտերակտիվ ուսուցման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել քննարկել գործնական իրավիճակներին առնչվող տարբեր սցենարներ: Այդ առումով, ուսուցման մասնակիցները հանդես են եկել տարբեր գաղափարներով եւ հարցերով, որոնք հաճախորդների սպասարկման ոլորտում բնորոշ են իրական իրավիճակներին:




























