ԱՄՆ ազգային տիեզերական վարչությունը (NASA) նախազգուշացնում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում Լոս Անջելեսում միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունենալու:

NASA-ի գիտնականների խումբը՝ երկրաֆիզիկոս Անդրեյ Դոնելանի գլխավորությամբ, հետազոտել են Լա Հեյբրի երկրաշարժը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի: Նրանք հանգել են եզրակացության, որ երկրակեղեւի լարվածությունը պահպանվում է, ինչը բավական է 6,1-6,3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժի համար:

Նրանց կանխատեսմամբ, Լոս Անջելեսից 100 կմ հեռավորության վրա տեղի կունենան 5 եւ ավելի մագնիտուդով ստորերկրյա ցնցումներ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սակայն ԱՄՆ երկրաբանական ծառայության մասնագետները հայտնում են, որ այդ շրջանում երկրաշարժի հավանականությունն ընդամենը 0,85 տոկոս է:

Նշվում է, որ երկու կառույցների գիտնականները երկրաշարժերի կանխատեսման տարբեր մեթոդներ են կիրառում, ուստի հավանականության աստիճանը նրանց մոտ տարբերվում է: Այդուհանդերձ, Քալիֆորնիայի ամենամեծ քաղաքի մոտ երկրաշարժի սպասումները հիմք ունեն: