Ադրբեջանցիներն իրենց երկիրը միջազգային մակարդակներում իրականությունից ավելի լավ են ներկայացնում, մինչդեռ հայերը ճիշտ հակառակն են անում: Այդ է պատճառը, որ մրցունակության տարբեր ցուցանիշներով Հայաստանը հաճախ զիջում է հարեւան Ադրբեջանին: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:

«Տարբեր բաղադրիչներով, օրինակ` բիզնես միջավայրի բաղադրիչով Ադրբեջանը մտնում է լավագույն տասնյակի մեջ, այնինչ բոլորս էլ գիտենք, որ այնտեղ էլ մոնոպոլիա կա, այնտեղ էլ հովանավորչություն կա, այնտեղ էլ կոռուպցիոն ռիսկերը մերինից պակաս չեն: Բայց ադրբեջանցիները դրսի մարդկանց հետ խոսելիս իրենց երկիրը վատ չեն ներկայացնում, անգամ ընդդիմության մեջ լինելով՝ իրականությունը եղածից ավելի լավ են ներկայացնում»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Նրա խոսքով`թեեւ Հայաստանում դրական տեղաշարժեր կան, հարցվողները (գործարարներ կամ մասնագետներ) որպես կանոն ամեն ինչ «սեւ քողի տակ» են ներկայացնում, ինչը ոչ թե պետական այրերին կամ նախարարներին, այլ երկրի իմիջին է վնասում: Այդ ամենը բացասաբար է անդրադառնում օտարերկրյա ներդրումների վրա, կրճատվում են տեղական ապրանքների արտահանման ծավալները, առկա են նաեւ մի շարք այլ բացասական հետեւանքներ:

 Ըստ Աբրահամյանի` պատճառը Հայաստանում պետություն- մասնավոր հատված հարաբերությունների չձեւավորված մշակույթն է, ինչպես նաեւ փոխադարձ վստահության պակասը:

«Որոշակի համագործակցություն, իհարկե, կա։ Օրինակ`տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու պետեկամուտների կոմիտեի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում էին, սակայն այդ ամենը դեռեւս բավարար չէ»,- ասաց Ա. Աբրահամյանը` նշելով, որ վստահության եւ փոխադարձ օժանդակության ավելի լուրջ  մակարդակ է անհրաժեշտ:

«Ցավոք սրտի, դեռեւս Հայաստանում ավելի շատ վստահում են արտասահմանցի տարեց, հնացած գիտելիքներով փորձագետներին, քան երիտասարդ եւ բանիմաց հայ մասնագետներին։ Իսկ երբ վստահություն չկա, հաճախ շատ լավ պրոֆեսիոնալներ պարզապես լքում են երկիրը»,-ամփոփեց Աբրահամյանը: