Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) հումքային շուկաների հերթական վերլուծությունն է ներկաացրել, որում լրջորեն վատթարացել է հումքի՝ նավթի, գունավոր մետաղների եւ այլնի գների կանխատեսումը: Ավելի պարզ ասած՝ համաշխարհային շուկայում հումքն էժանանում է պահանջարկի նվազման ֆոնին համեմատաբար մեծ առաջարկի պատճառով:

Հայտնի է, որ Հայաստանի ներկրման ոլորտում ծավալով երկրորդ տեղում (բնական գազից հետո) «նավթ եւ նավթամթերք» ապրանքախումբն է, որը հիմնականում ներկայացված է բենզինով եւ դիզվառելիքով: Նավթի համաշխարհային շուկայի զարգացման միտումից ելնելով, արդյո՞ք կարելի է մեր ներքին շուկայում այդ ապրանքների գների նվազում ակնկալել:

Անցյալ տարի նշված ապրանքների ներկրումը կազմել է 323.2 հազար տոննա, որից Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 213.6 հազար տոննա կա 68.7%-ը: Նշենք, որ «նավթի եւ նավթամթերքի» ներկրման ոլորտում մեր հյուսիսային հարեւանի մասնաբաժինն անցյալ տարի, նախորդող տարվա համեմատ, 38.7%-ով աճել է: Ընդ որում, նույն ժամանակահատվածում մաքսային գինը մեկ տոննայի համար 25 դոլարով կամ 2.5%-ով նվազել է: Այս տարվա ցուցանիշների համեմատ՝ սա գնի այնքան է զգալի անկում չէ:

Ընթացիկ տարվա I կիսամյակում «նավթի եւ նավթամթերքի» մաքսային արժեքը մեկ տոննայի համար նվազել է 299 դոլարով կամ գրեթե 30%-ով: Սակայն մանրածախ գնում անկումը համարժեք չի եղել: Այսպես, «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է «ընդամենը» 8.5%-ով, իսկ դիզվառելիքինը՝ ավելի պակաս՝ 7.1%-ով:

Մինչ այդ, Ռուսաստանում վառելիքը շարունակում է թանկանալ՝ չնայած նավթի գների անկմանը: Այսպես, ԱԻ-95 տեսակի բենզինի եւ դիզվառելիքի գինը մեկ տարվա ընթացքում (հոկտեմբերի 19-ի դրությամբ) ավելացել է նույնչափ՝ 4.4%-ով: Ռուսական բենզինը ներկրողների համար առաջիկա թանկացման մեկ այլ գործոն կա: Ռուսական լրատվամիջոցների փոխանմամբ, բենզինի արտահանման մաքսատուրքը նոյեմբերի 1-ից կարող է հասնել 75.7 դոլարի (ավելի քան 6%-ով աճ):