Նոյեմբերին բրիտանական Բիրմինգհեմում կազմակերպվող աճուրդում վաճառքի է դրվելու 1973 թ. թողարկված եւ ամբողջովին վերանորոգված Range Rover բաց թափքով ամենագնացը: Այս հազվագյուտ ավտոմեքենան կարելի է անվանել Լոս Անջելեսի մոթորշոուի ժամանակ ներկայացված Evoque Convertible նոր կաբրիոլետ քրոսովերի նախնին:
Մեքենան, որը կառուցվել է Range Rover «Suffix B» մոդելի բազայի վրա,100.5 հազար կմ վազք ունի: Մեքենայի նախկին տերը այն 90 ականներին էր շահել խաղաքարտով ու այդ ժամանակվանից ի վեր մեքենան պահում էր իր ավտոտնակում, հայտնում է Motor-ը:
Իսկ մեքենայի նոր սեփականատերը ամբողջովին վերանորոգել է այն: Դրա համար պահանջվել է ութ ամիս ու մոտավորապես 20 հազար ֆունտ սթերլինգ (31 հազար դոլար):
Ավտոմեքենան աճուրդի է դրվելու NEC դասական մեքենաների վաճառքի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ու 15-ին: Ավտոմեքենայի համար ծրագրում են ստանալ 35-40 հազար ֆունտ սթերլինգ ( 54.2-ից 62 հազար դոլար ):
Աճուրդից մի քանի օր հետո Լոս Անջելեսում կկայանա Range Rover Evoque Convertible –ի պրեմիերան: Նորույթն առաջարկվելու է երկու լիտրանոց դիզելային «քառյակով»՝ 150 ու 180 ձիաուժ հզորությամբ, նաեւ 240 ձիաուժ հզորության բենզինային շարժիչով: Սահմանափակ քանակությամբ թողարկվող կաբրիոլետ քրոսովերի վաճառքը մեկնարկելու է 2016 թ.:































