Մոսկվայի տանը, այսօր` օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել Երեւանի դպրոցների տնօրենների խորհրդի նիստ, որին մասնակցել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարները:  Մոտ մեկ ժամ հետեւելով նիստի ընթացքին՝ Գագիկ Բեգլարյանը բավականին կոշտ ելույթ է ունեցել, նրան մասնավորապես դուր չի եկել տնօրենի պասիվությունը:

«Ես նստած նայում էի, թե մարդիկ այսօրվա ժողովին ինչ պատրաստակամությամբ ու ինչ տրամադրվածությամբ են այստեղ: Մարդիկ կան եկել են օր անցկացնելու, էդ կարգի տնօրենները ի՞նչ ձեւ պիտի աշխատեն, այ եկեք ստեղից նստած նայեք, անուններ այսօր չեմ ուզում տալ, բայց առանձին բոլորին էլ արդեն գիտեմ՝ ովքեր են: Եկեք միավորվենք ու փորձենք յուրաքանչյուրս մեր մեջ ման գալ, մեր մեջ փոխվենք»,-բորբոքված ասել է Բեգլարյանը:  Վերջինս ցավով է նկատել, որ տնօրենները չարդարացրին իր սպասելիքները, մինչդեռ ինքը քննարկմանը եկել էր՝ «մեկ քայլ առաջ գնալու հույսով»:

Թերեւս ժողովից ստացած վատ տպավորությունների պատճառով, Բեգլարյանը տեղում առաջարկել է մյուս տարի հրապարակավ պատվոգրեր շնորհել կամ նկատողություններ հայտարարել տնօրեններին. «Ես գիտեմ՝ ես եկել եմ աշխատանքային ժողովի, մենք պիտի կարողանանք  յուրաքանչյուր ժողովին մի քայլ առաջ գնանք: Պետք է հարցեր լինեին, աշխատեինք, հասկանայինք՝ապագայում ինչ ենք անելու, հաջորդ տարի դահլիճում պատվոգրեր ու գովասանագրեր պետք է հանձնենք լավ ու վատ աշխատանքի համար»: Բեգլարյանը անդրադարձել է նաեւ մի «վիրավորական» հանգամանքի, տնօրեններին զգուշացնելով, որ գործարարներին փող խնդրող նամակներ չուղարկեն, սպառնացել է թե անձամբ է վերահսկելու այդ նամակները, նշել է, որ արդեն իր ձեռքի տակ են գտնվում նման բովանդակությամբ մի քանի նամակներ: