Քաղաքացիների մեծամասնությանն այս պահին սահմանադրական փոփոխությունները առանձնապես չեն հետաքրքրում։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը:
Արսենյանի կարծիքով` քաղաքացիները զբաղված են սոցիալական խնդիրներով ու որպեսզի մեծամասնությունը հետաքրքրվի հանրաքվեով ու համոզվի, որ իշխանության ձեւավորման նոր մեխանիզմը արդյունավետ է, կհանգեցնի կյանքի փոփոխության, դա պետք է նրանց փորձեն բացատրել քարոզչական գործիքներով, ինչն այսօր բավական դժվար է:
Հարցին` արդյոք ինքը մասնակցելու է քարոզչական գործընթացին, Արսենյանը, որն Ազգային ժողովում կողմ է քվեարկել նախագծին, պատասխանեց, որ դա դեռ չի քննարկվում։
«Դեռ ընդհանուր պայմանավորվածություն չկա: Երբ որ հանրաքվեն նախաձեռնողի կողմից կլինի քարոզարշավ անելու առաջարկ, մենք առաջարկը կքննարկենք, քանի որ մենք չեն եղել փոփոխությունների նախաձեռնողը, դա նշանակում է, որ այդ գնացքում մենք լոկոմոտիվի դեր չենք կատարելու»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ մինչեւ Սերժ Սարգսյանի մոտ սեպտեմբերի 9-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդատվություններին մասնակցելը Գուրգեն Արսենյանը դեմ էր փոփոխությանը, եւ համոզմունք էր հայտնում, որ «Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն»:





























