BMW ընկերությունը ներկայացրել է  «լիցքավորված» M5 - Pure Metal սեդանի հատուկ փոխակերպումը: Նորույթը կթողարկվի  20 օրինակից եւ կստանա նույնպիսի՝ 600 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որն առաջարկվում է մոդելի անցյալ տարվա տարբերակում, որը ստեղծվել էր  M5-ի 30-ամյակի առիթով՝  300 օրինակից: Սպորտսեդանը թափքի բացառիկ արծաթագույն մետալիկ գունավորում է ստացել, որն այս նմուշի համար պատրաստել է BMW Individual բաժանմունքը, ինչպես նաեւ  20 դյույմանոց անվասկավառակներ, սրահի՝ կաշվե եւ ալյումինե ձեւավորում, ինչպես նաեւ սրահի հատուկ ցուցանակ, որի վրա գրված է «PURE METAL M5», տեղեկացնում է Motor-ը:

BMW M5-ը զինված է 4,4 լիտրանոց թվին-տուրբո «ութնյակով», որը կառավարող էլեկտրոնիկայի հզորացման եւ մակափչման ճնշման ավելացումից հետո սկսել է ստանդարտ մեքենայից  40 ձիաուժ ավելի արտադրել:   Սեդանը «հարյուր» արագություն է հավաքում 3,9 վայրկյանի ընթացքում՝ սովորական M5-ից չորս տասնորդական վայրկյանով ավելի արագ: 

Բացի այդ, նորույթը «բազայում» Competition եւ M Driver’s սպորտփաթեթներ ունի: Դրանցից առաջինը  10 միլիմետրով իջեցված կախոց է ներառում, հետեւի առանցքի վրա ակտիվ   М-դիֆերենցիալ եւ ածխակերամիկական արգելակիչ մեխանիզմներ: Երկրորդը  թույլ է տալիս առավելագույն արագությունը հասցնել ժամում 305 կիլոմետրի: