Toyota Motor ճապոնական ավտոարտադրողը ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքում համաշխարհային ավտոշուկայի առաջատար է դարձել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հաղորդվում է, որ 2015թ. առաջին կիսամյակում Toyota-ն այդ ցուցանիշով զիջում էր գերմանական Volkswagen-ին։
Գործակալությունը նշում է, որ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ողջ աշխարհում վաճառվել է 7.49 մլն Toyota մակնիշի ավտոմեքենա։ Volkswagen-ն այդ ընթացքում իրացրել է 7.43 մլն մեքենա։
Volkswagen-ը սեպտեմբերին հայտնվել էր «դիզելային սկանդալի» կենտրոնում եւ ստիպված էր մի շարք շուկաներում դադարեցնել դիզելային շարժիչով մեքենաների վաճառքը եւ հետ կանչել 11 մլն ավտոմեքենա, փոխանցում է Gazeta-ն։
Այդ նույն ժամանակ Toyota-ն արտադրել է մի շարք նոր մոդելներ, այդ թվում՝ նորացված Prius-ը, ինչը թույլ է տվել նրան մեծացնել վաճառքի ծավալները։





























