Ադրբեջանը հնարավոր համարում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Սեվինջ Հասանովան՝ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք սկզբունքորեն հնարավոր համարում ենք մասնակցությունը այն միություններին, որոնք մեզ համար շահավետ են եւ երկկողմանի օգուտ կբերեն եւ այդ միությանը, եւ Ադրբեջանին», - ասել է նա՝ պատասխանելով ԵՏՄ-ին այդ երկրի հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին: «Դրա համար անհրաժեշտ է նախ եւ առաջ վերլուծել նման կազմակերպություններին մասնակցության պլյուսներն ու մինուսները… Պետք է մանրամասնորեն գնահատել Ադրբեջանի մասնակցությունը», - հավելել է փոխնախարարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:





























