Հայ-թուրքական գործընթացի կյանքի կոչման բանալին, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այժմ, գտնվում է Անկարայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մեկ տարվան: (Արձանագրությունները նախաստորագրվել են 2009 թվականի օգոստոսի 31-ին): Նա նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում հայ-թուրքական գոծընթացը որեւէ արդյունք չարձանագրեց եւ ներկայումս հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կարելի է համարել տապալված:
Ըստ նրա, քանի որ հայ-թուրքական գործընթացը վերականգնելու հնարավորություններ այլեւս չկան, Հայաստանը ստիպված գնաց Ռուսաստանի հետ գործարքի եւ երկարաձգեց Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը: «Սրանով էլ արձանագրվեց ֆուտբոլային դիվանագիտության ֆիասկոն, քանի որ Եվրոպայի վերջին երկաթյա վարագույրի ապամոնտաժման խնդիրն իր լուծումը չստացավ: Եւ այսպիսով՝ այն ստատուս քվոն, որը գոյություն է ունեցել անկախության ձեռքբերումից հետո, պահպանվելու է նաեւ առաջիկայում»,-նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ քանի որ հայ-թուրքական գործընթացն այլեւս գոյություն չունի, կողմերից յուրաքանչյուրն իր ռազմավարական դաշնակցի հետ փորձում է «ավելի արմատական եղանակներով կանոնակարգել իր հարաբերությունները»:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ առաջիկայում եւս հայ-թուրքական գործընթացում ակտիվացում չի արձանագրվի, քանի որ այդ ուղղությամբ կատարվելիք միակ քայլը արձանագրությունները վավերացնելն է: Բայց քանի որ Թուրքիան վավերացումը կապում է իր կողմից առաջադրված նախապայմանների բավարարման հետ, որոնք անընդունելի են Հայաստանի համար, ապա դա նշանակում է, որ գործընթացի լուծման եւ ոչ մի հնարավորություն Թուրքիան հայկական կողմին չի թողնում: «Ստեղծվել է պատային իրավիճակ եւ գործընթացի միակ լուծումը Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումն է: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը առանց վարանելու կվավերացնի արձանագրությունները: Սակայն իրականությունն այն է, որ Թուրքիան շարունակում է պնդել նախապայմանների իր ակնկալիքը, իսկ Հայաստանը չի կարող ընդունել այդ նախապայմանների մեթոդաբանությունն ու բովանդակությունը»,-եզրափակեց Հովհաննիսյանը:



























