Արարատի մարզում հոկտեմբերի 26-ին, բետոնե պանելի ընկնելու հետեւանքով ծանր վնասվածքներով Մասիսի հիվանդանոց տեղափոխված Բաբկեն Ղարսոյանն իրեն «բախտավոր աստղի» տակ ծնված մարդ է համարում սարսափելի դեպքից հետո ողջ մնալու համար: NEWS.am-ի հետ զրույցում հրաշքով ողջ մնացած` 2 անչափաս երեխաների հայրը պատմում է, որ ինչպես ամեն օր, այդ օրն էլ աշխատանքի է գնացել` կաշվի հին գործարանի շենքից պանելներ հանելու եւ տեղափոխելու համար։ Նրա խոսքով` մոտավորապես առավոտյան 11:00-ի կողմերը, երբ քանդված շենքի տանիքին պանելներն է հանել, զգացել է, որ ոտքերի տակ ինչ-որ բան սկսել է շարժվել, այդ ժամանակ էլ 8 մետր բարձրությունից ընկել է: Մասիսի 31-ամյա բնակիչը դեպքից այլ մանրամասներ դժվարությամբ է կարողանում մտաբերել ու պատմել` վնասվածքների հետեւանքով ցավերը թույլ չեն տալիս նրան լիաթոք շնչել, խոսել, կենտրոնանալ: Ընտանիքի հայրը բանվորություն անելով է տուն պահում` պանելներ տեղափոխելով, ուրիշների համար ինչ-որ բաներ քանդելով, վերանորոգելով:
Մեծ ցավ է զգում, որ իր հետ տանիքում աշխատող մյուս բանվորը` Ժորա Բոյմուշակյանն այլեւս չկա, մահացել է: Փորձում է դեպքից մանրամասներ հիշել, բայց միայն կարողանում է ասել` «բետոնը վրան էր ընկել…»:
Բաբկենն իսկապես բախտավոր աստղի տակ է ծնվել։ Նա մի քանի կոտրվածք ունի, բայց ժամանակի ընթացքում կապաքինվի։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 11:25-ի սահմանում, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։





























