«Վերնիսաժի» կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մոլքոնյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելով՝ առաջին ատյանի դատարանն անարդարացի որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալի վերաբերյալ որոշումն անհիմն է։
Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ ինքը դեռեւս Ներսես Մելքոնյանի հետ չի խորհրդակցել վճիռը բողոքարկելու վերաբերյալ։
«Խորհրդակցելուց հետո պարզ կլինի Վերաքննիչ դիմելու ենք, թե ոչ»,-ասաց պաշտպանը։
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Ներսես Մելքոնյանին մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Գործով մյուս մեղադրյալներ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3 տարվա ազատազրկման:
Ներսես Մելքոնյանի համար դատախազը պահանջել էր 2, Գոռ Առաքելյանի 9, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2.5 տարվա ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):
Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):





























