Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով երկրորդ պատվիրատու լինելու մեջ մեղադրվաղ Նարեկ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի նոր պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Պաշտպանը նշեց, որ դեռեւս ծանոթ չէ քրեական գործի նյութերին, այսօր շատ կարճ ժամանակով խոսել է իր պաշտպանյալի հետ։

«Միայն հասցրի տեղեկանալ, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որեւէ հիմնավորումներ չներկայացրեց, իսկ ես գործի նյութերին դեռեւս ծանոթ չեմ, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,-ասաց Վարդուհի Էլբակյանը։

Նշենք, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մեկնարկեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործից առանձնացված մասի քննությունը, որում մեղադրյալի կարգավիճակ ունի Նարեկ Խաչատրյանը:

Մեղադրյալ Նարեկ Խաչատրյանի շահերն այսուհետեւ դատարանում կներկայացնի փաստաբան Վարդուհի Էլբակյանը, որը դատարանից 30 աշխատանքային օր խնդրեց քրեական գործին ծանոթանալու համար։

Նշենք, որ նախաքննության ընթացքում, ըստ մեղադրանքի, Սեդրակ Զատիկյանի սպանության երկրորդ պատվիրատուն լինելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի շահերը ներկայացնում էր Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արամ Ղազարյանը, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին հայտնաբերել են այս տարվա մայիսին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:

Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է, եւ կալանավայրում արտագնա նիստում կհարցաքննվի։