Աֆղանստանի Բադախշան նահանգում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվն անցել է 350-ից: Պակիստանյան The Nation թերթի փոխանցմամբ, զոհեր կան Աֆղանստանում, Պակիստանում եւ Հնդկաստանում:

Երկրաշարժն առավել մեծ վնաս է հասցրել Պակիստանին, մասնավորապես, Աֆղանսստանին սահմանակից Հայբեր Պահտունհվա նահանգին եւ, այսպես կոչված, «ցեղախմբերի գոտուն»:

Վերջին տվյալներով, մահացել է 275 մարդ, տուժածների թիվն անցնում է 2 հազարից, փլուզվել են հարյուրավոր տներ: Շատերը գիշերն անցկացրել են փողոցում՝ վախենալով վերադառնալ տները: Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռահիլ Շարիֆն անձամբ է ժամանել այդ նահանգ, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել:

Փրկարարները նշում են, որ առաջիկա օրերին զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ երկրաշարժի հետեւանքով կտրվել է կապը շատ բնակավայրերի հետ եւ անհնար է եղել այնտեղից տեղեկատվություն ստանալ: