Ռուսաստանն ի վնաս Հայաստանի որեւէ զիջումների չի գնա հանուն Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Չեմ կարծում, որ նման մտավախություն պետք է ունենանք: Ընդհանրապես չկա նման երեւույթ, որ Ռուսաստանը կարող է ի վնաս Հայաստանի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերի Ադրբեջանի հետ»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցելն ընդամենը Ադրբեջանի ցանկությունն է, այդ հարցի քննարկումն օրակարգում դեռեւս չկա:

«Դա գործընթաց է, որին պետք է մասնակցեն ԵՏՄ անդամ բոլոր երկրները: Դեռեւս որեւէ նման երեույթ չկա, ինչ-որ վավերացում չկա, այն քննարկման առարկա չէ»,- նշեց Բաղդասարյանը:

Նա չցանկացավ դեպքերից առաջ ընկնել՝ մեկնաբանելով, թե արդյոք Հայաստանը պատրաստ կլինի՞ ԵՏՄ շրջանակններում համագործակցել Ադրբեջանի հետ:

«Եթե օրակարգում չկա նման հարց, պետք չէ ենթադրություններ անել: Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել, նման հարց չունենք, եւ որեւէ նման տիպի հարց չենք քննարկել»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարի տեղակալ Սեվինջ Հասանովան ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը հնարավոր համարում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու հնարավորությունը:

Սեվինջ Հասանովան ընդգծել էր, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է վերլուծել նման կազմակերպություններին մասնակցության պլյուսներն ու մինուսները, մանրամասնորեն գնահատել Ադրբեջանի մասնակցությունը: