Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 2014թ. հոկտեմբերի 25-ին մահացած հղի Անի Դավթյանի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործով Անի Դավթյանը ճանաչվել է տուժող, նրա մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Մասնավորապես՝ կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 13.01.2015թ. ստացված թիվ 43 եզրակացության համաձայն` Անի Դավթյանի մահվան պատճառ է հանդիսացել ներանոթային տարածուն մակարդման ախտանիշը, գլխուղեղի եւ թոքերի այտուցը, որը պայմանավորված է 23-24 շաբաթական հղիությամբ բարդացած մանկաբարձական անամնեզով, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, արգանդի պարանոցային հատվածի պատռվածքներով, հյուսվածքների բազմաթիվ ներծծող խոշորօջախային արնազեղումներով, ներքին օրգանների սակավարյունությամբ:
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Անի Դավթյանի հղիության պահպանման նպատակով բուժման, նրա ծննդալուծման եւ հետծննդյան ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու, հանգամանքները եւ գործի համար կարեւոր նշանակության այլ հարցեր պարզելու համար 23.01.2015թ. նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին:
Նշված զարգացած թրոմբոէմբոլիկ բարդությունների ախտորոշումն ընդհանուր առմամբ կատարվել է հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է 28.07.2015թ.։ Փորձագետների գնահատմամբ՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Անի Դավթյանի ինչպես հղիության վերաբերյալ տրված ախտորոշումը, այնպես էլ հետծննդյան շրջանում ճիշտ: Ձեռնարկված բուժմիջոցառումները եղել են դրված ախտորոշումներին համապատասխան եւ ճիշտ: Հետծննդյան շրջանում տեղ գտած բարդությունների պայմաններում Անի Դավթյանի կյանքը փրկելու համար «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ձեռնարկվել են անհրաժեշտ հնարավոր բուժմիջոցառումներ, որոնց արդյունքում սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Քրեական գործով տուժող Ա. Դավթյանի իրավահաջորդ Ալվարդ Խաչատրյանը դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն եզրակացությունը համարել է չհիմնավորված ու չպարզաբանված եւ 19.08.2015թ. միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին: 2015 թվականի օգոստոսի 24-ին նրա միջնորդությունը բավարարվել է, եւ նույն օրը նշանակվել է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին, սակայն եզրակացությունը դեռեւս չի ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության՝ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























