ՀՀ կենտրոնական բանկը եւ Բելգիայի ազգային բանկը կխորացնեն համագործակցությունը:
Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կենտրոնական բանկի եւ Բելգիայի ազգային բանկի միջեւ գործակցության շրջանակում ՀՀ ԿԲ են այցելել Բելգիայի ազգային բանկի ֆինանսական վերահսկողության եւ միջազգային ու եվրոհամակարգի համակարգման վարչությունների աշխատակիցներ Մարկ Վերլեյը եւ Քսավիեր Հավիան:
Հյուրերը հանդիպումներ են ունեցել ԿԲ ֆինանսական վերահսկողության, ֆինանսական համակարգի կարգավորման, ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման եւ տնտեսական հետազոտությունների վարչությունների ներկայացուցիչների հետ:
Կլոր սեղան-քննարկումների ընթացքում հյուրերին ներկայացվել է ՀՀ-ում բանկային վերահսկողությունը եւ կարգավորումը, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունը:
Հյուրերը ներկայացրել են ֆինանսական վերահսկողության եւ կարգավորման ոլորտում Բելգիայի եւ Եվրոհամակարգի երկրների փորձը:
Հանդիպման ավարտին ՀՀ կենտրոնական բանկի եւ Բելգիայի ազգային բանկի միջեւ գործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:





























