Հայաստանում խմելու ջրի ծավալների 80-85 տոկոս կազմող կորուստները նվազեցնելու նպատակով անհարժեշտ է հետեւել Չեխիայի օրինակին, որը ոռոգման գծերի վերանորոգման եւ սարքավորումների արդիականացման շնորհիվ հասել է 20 տոկոս կորստի մակարդակի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը հոկտեմբերի 19-22-ին գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում այցելել է Չեխիա:

«Չեխիան վերջին 10-20 տարվա մեջ կրճատել է խմելու ջրի սպառման ծավալները՝ կորուստները հասցնելով 20 տոկոսի, որի արդյունքում մաքրման կայանի անհրաժեշտություն ընդհանրապես չկա, տարվա մեջ մի քանի անգամ փորձարկում էին եւ յուղը վրեն կանգնած էր: 4 անգամ պակաս կորուստներ ունեն խմելու ջրի հետ կապված, դա մեզ համար շատ ուսանելի է»,-նշեց պատգամավորը:

Չեխիա մեկնած ԱԺ պատգամավորների պատվիրակությունը եղել է հատուկ պահպանվող տարածքներում, խմելու ջրի մաքրման կայաններում, ձիաբուծարանում, հանդիպել են գյուղոլորտի պատասխանատուներին:

Տեղի է ունեցել փորձի փոխանակում երկու երկրներում առկա գյուղատնտեսական ոլորտի խնդիրների վերաբերյալ:  

Ըստ Լյովա Խաչատրյանի՝ Չեխիայի հետ անհրաժեշտ է էական առեւտրային համագործակցություն ծավալել:  «Այն ժամանակներն անցել են` եկեք սիրենք, պաչենք, Գեղարդ տանենք. հիմա գործելու ժամանակն է: Պետք է մտածենք՝ ինչ ունենք տալու, ինչ` վերցնելու»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: