Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմը պատրաստ է:

NEWS.am-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունը դեռ հոկտեմբերի 14-ին է կազմն ուղարկել կենտրոնին, որը պահանջել էր կազմը:

Նշենք, որ Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը մեզ հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ առողջապահության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում պետք է հանձնաժողով ստեղծեր, որից հետո իրավապահ մարմինները կնշանակեին փորձաքննության օրը, սակայն առ այսօր նախարարությունը ոչինչ չի արել:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա: