Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին սպանված Հայկազ Բարսեղյանի գործով մեղադրյալ Վարազդատ Սաֆարյանի փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու է իր պաշտպանյալի դատաքննությունն ընթանալու սպանության մեջ մեղադրվող 4 կուրսանտների գործի հետ:

«Վարազդատ Սաֆարյանը որեւէ առնչություն չունի Հայկազ Բարսեղյանի սպանության հետ: Իմ պաշտպանյալը մեղադրվում է կուրսանտներից մեկին ծեծի ենթարկելու մեջ: Տեղեկություններ կան, որ Վարազդատը մյուս երկու մեղադրյալների՝ Վաչե Սահակյանի եւ Մովսես Ազարյանի հետ ծեծել է տուժող Արտուշ Սիմոնյանին: Նախաքննական մարմինը որոշել է այս գործերը միացնել, որը շատ սխալ է՝ ըստ իս, քանի որ իմ պաշտպանյալն այդ սպանության հետ որեւէ կապ չունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սաֆարյանի փաստաբանը՝ Ազատ Շահբազյանը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները,  ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: