Սահմանամերձ Տավուշի մարզի Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը տասներեք օր է՝ կոմայի մեջ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Ըստ բժշկի՝ Մհեր Գանջալյանը հիվանդանոց է տեղափոխվել մահամերձ վիճակում՝ շմոլ գազից թունավորմամբ: 

«Քնած է եղել, շմոլ գազից թունավորվել, աջ ձեռքի վրա անկողնուց ընկել է, ինչի հետեւանքով ձեռքը լուրջ վնասվածք է ստացել: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,-ասաց Սուրեն Մակարյանը:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ընտանիքը ֆինանսական օգնության կարիք ունի՝ անհրաժեշտ բուժօգնության համար: Գյուղապետարանը, ըստ գյուղապետի, չի կարող օգնել Գյանջալյան ընտանիքին բյուջեի սղության պատճառով:

Ֆելիքս Մելիքյանի խոսքով` ընտանիքը միջինից ցածր պայմաններում ապրող ընտանիք է, զբաղվում է գյուղատնտեսությամբ:

Նշենք, որ Մհեր Գյանջալյանը հոկտեմբերի 14-ին շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Թունաբանական բաժանմունք, ավելի ուշ Գյանջալյանը տեղափոխվել է Վերակենդանացման բաժանմունք: