«Եզո» անվանելու համար հարեւանին սպանելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված 26-ամյա Արթուր Ազատյանը չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատավճիռը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դատապարտյալի պաշտպան Էմմա Եղիազարյանը:

«Ես պաշտպանյալիս հետ չեմ խոսել, բայց նրա մայրը եւ քեռին ինձ հայտնեցին, որ նա կատեգորիկ դեմ է վճիռը բողոքարկելուն, գուցե իրեն ինքնավստահ չի զգում: Ես նրանց բացատրեցի, որ ճիշտ է բողոքարկելը, բայց պաշտպանյալս պետք է ստորագրի բողոքի տակ, ես չեմ կարող իր փոխարեն որոշել»,-ասաց պաշտպանը:

Էմմա Եղիազարյանը նշեց, սակայն, որ առաջիկայում իր պաշտպանյալը գուցե փոխի վճիռը չբողոքարկելու որոշումը:

«Մեղադրյալները, կյանքը շատ փոփոխական են, գուցե մի օր որոշի բողոքարկել վճիռը, այդ դեպքում Վերաքննիչ կդիմենք»,-ասաց Արթուր Ազատյանի պաշտպանը:

Էմմա Եղիազարյանի խոսքով՝ Արթուր Ազատյանը արարքը կատարել է տուժողի անօրինական գործողություններից դրդված եւ իրեն միայն այդ մասով է մեղավոր ճանաչել:

 Նշենք, որ «Եզո» անվանելու համար հարեւանին սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուր Ազատյանն սեպտեմբերի 9-ին դատապարտվել է 10  տարվա ազատազրկման: Դատախազ Տիգրան Հակոբյանը Արթուր Ազատյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ազատյանը 2014թ. նոյեմբերի 6-ին, ժամը 21:00-ի սահմանում իր՝ Երեւան քաղաքի Վ.Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարեւան Անդրանիկ Հարությունի Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝  կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառելով՝ սպանել է նրան: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: