«Վերնիսաժի» կրակոցների գործով  մեղադրյալ Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման դատապարտելով՝ առաջին ատյանի դատարանն անարդար որոշում է կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի պաշտպան Արայիկ Ալվանդյանը՝ նշելով, որ Վալերիկ Հովհաննիսյանի ծնողները եւ ինքը դժգոհ են դատավճռից եւ անպայմանորեն այն կբողոքարկեն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:

«Պետք չէ իրավաբան լինել, ակնհայտ է, որ անարդար վճիռ էր: Այդպիսի դատավճիռ չի լինում, Վալերիկ Հովհաննիսյանի արարքի համար տուգանք է սահմանվում, բայց երեւի ուզում էին պատժել: Ծնողները հաստատ կբողոքարկեն վճիռը»,-նշեց պաշտպանը:

Արայիկ Ալվանդյանը նշեց, որ Գոռ Առաքելյանին 6 տարի 6 ամիս դատապարտելով՝ ճիշտ կլիներ՝ Վալերիկ Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեին:

«Վալերիկը եւ Ներսեսը պետք է պայմանականորեն ազատ արձակվեին, այն դեպքում, երբ Գոռին 6 տարի 6 ամիս տվեցին, գոնե նժարները կհավասարվեին»,-ասաց պաշտպանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կրակոցներից տուժած քաղաքացիները փոխհատուցում կստանան, թե ոչ՝ Արայիկ Ալվանդյանը նշեց, որ տուժողներն ի սկզբանե հայտնել են, որ որեւէ նյութական պահանջ չունեն:

Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Վալերիկ Հովհաննիսյանի համար 2.5, Ներսես Մելքոնյանի համար 2 տարի ժամկետով ազատազրկում, ինչն, ըստ պաշտպանի, անհամաչափ պահանջ էր:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Ներսես Մելքոնյանին մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Գործով մյուս մեղադրյալներ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):

Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):