«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ազգային ժողովում կոշտ գնահատականներ հնչեցրեց ՄԻՊ գրասենյակի եւ անձամբ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հասցեին: Քննարկման ժամանակ ունեցած նրա ելույթից անգամ ՀՀԿ-ականները հանկարծակիի եկան:

Փորձեցինք անձամբ Սամվել Ֆարմանյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչո՞վ է պայմանավորված նման սուր քննադատության փաստը:

«Ես խորհրդարանում ելույթ ունենալիս իմ ելույթների հիմքում որեւէ վերաբերմունք չեմ դրել: Առավել եւս մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ եւ որեւէ վերաբերմունք չունեմ: Ինձ անհանգստացնում է այն, որ այդ ինստիտուտը, որ ի սկզբանե երբ Հայաստանում հիմնվում էր եւ նախատեսված էր, որ հիմքում լինի հանրային հեղինակությունը, այդպիսին չեղավ»:

Դուք փաստեցիք, որ Հայաստանի  ՄԻ պաշտպանը չունի հեղինակություն: Ո՞րն է Ձեր այդ տեսակետի պատճառը:

Ոչ միայն չունի, այլեւ պարոն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որ լավ թե վատ, կաթիլ առ կաթիլ  փորձ էր արվել ստեղծել մյուս պաշտպանների կողմից: Քաղաքական իշխանությունը օմբուդսմենին համարում է անլուրջ, քաղաքական ընդդիմությունը համարում է անլուրջ, քաղաքացիական հասարակությունը, այսինքն` հասարակական կազմակերպությունները, որոնք տասնամյակներով մասնագիտացել են իրենց ոլորտներում, նրան համարում են անլուրջ: Հասարակությունը ընդհանրապես տեղեկացված չէ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին:

Պարոն Ֆարմանյան, իսկ ինչո՞ւ մինչեւ զեկույցը Դուք որեւէ անգամ ելույթ չեք ունեցել՝ ասելու համար, որ Կարեն Անդրեասյանը փչացնում է ՄԻ պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը:

Պետք է ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տեսակետ հայտնելու միակ եւ լավագույն առիթը տարեկան զեկույցի քննարկումն է: Իսկ իմ ասածները ընդունել կամ չընդունելու համար ուղղակի պետք է կարդալ 560 էջանոց զեկույցը: Այնտեղ ծիծաղելի բաների կհանդիպեք: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի հանգամանքի վրա՝ զեկույցի մեջ անվերջ հղումներ են: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պետք է հիմք ծառայի միջազգային կառույցների համար, այլ ոչ թե հակառակը: Եթե զեկույցի հեղինակը լուրջ մարդ լիներ, նրան կարելի էր նշանակել նաեւ սոցիալական հարցերի նախարար: Զեկույցում նշվում է, որ սահմանին հատուկ սարքավորումներ պետք է տեղադրեն, այ քեզ աշխարհացունց  հայտարարություն՝ պետական միջոցները քամուն տալ:   

Ձեր ելույթից անմիջապես հետո ոմանք խոսում էին, թե թերեւս դուք եք լինելու Հայաստանի հաջորդ ՄԻ պաշտպանը, կա՞ նման հավանականություն:

Ես հուսով եմ, որ այդքան անլուրջ մարդու տպավորություն երբեք չեմ թողել, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան, երբեւէ նման հավակնություն չեմ ունեցել: Ընդհանրապես դա ինձանից հազարավոր կիլոմետրերով հեռու է՝ հիմա հետագայում եւ երբեւէ: Ես ասել եմ այն, ինչ մտածել եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում