Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քոումոն օրենքի նախագիծ է ստորագրել, որը ռեստորաններին թույլ է տալիս իրենց ծածկապատշգամբներում եւ տեռասներում հյուրընկալել շների տերերին՝ իրենց կենդանիների հետ միասին: Այդ մասին տեղեկացնում է The Huffington Post-ը: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի անհապաղ:
Պարբերականի փոխանցմամբ, այժմ Նյու Յորքի ռեստորաններն իրավունք ունեն որոշել՝ բացել արդյոք իրենց ծածկապատշգամբներն ու տեռասները շների առջեւ, թե ոչ, տեղեկացնում է Gazeta-ն:
Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովի անդամ եւ օրենքի նախագծի հեղինակ Լինդա Ռոզենտալը նշել է, որ ամբողջ ընտանիքով ռեստորանում ընթրելու գնալը նոր իմաստ է ստանում: Նրա խոսքով, հաստատությունների տերերը կարող են փող վաստակել շնատերերից, որոնք նախկինում նախընտրում էին տանը մնալ՝ իրենց պաշտելի կենդանիների հետ:
Նյու Յորք քաղաքի առողջապահության դեպարտամենտը դեմ է հանդես եկել օրենքի նախագծին՝ փաստաթղթում նկարագրված թույլտվությունները «հակասանիտարական» կոչելով: Օրենքի նախագծի կողմնակիցները իրենց հերթին հայտնել են, որ նոր միջոցները թույլ կտան մեծացնել ռեստորանների եկամուտը եւ կանխել շներին հեղձուցիչ ավտոմեքենաներում թողնելը, ինչպես նաեւ կնպաստեն հանգստյան օրը ընտանիքով դրսում անցկացնելուն:




























