«Վանաձոր-Քիմպրոմ» քիմիական գործարանը կվիճարկի իրեն սնանկ ճանաչելու որոշումը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։
Նա հիշեցրել է, որ ՀՀ նախագահի հետ խորհրդակցության շրջանակներում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը առաջադրանք է ստացել ուսումնասիրել գործարանի աշխատավարձերի վճարման հնարավորությունները, իսկ հետո քննարկել դրա ապագան։
Հոկտեմբերի 21-ին գործարանի աշխատակիցներին վճարվել են 2 ամսվա աշխատավարձի պարտքերը։ Նախագահի կարգադրությամբ մնացած մասը կվճարվի մինչեւ դեկտեմբերի 15-ը։ «Վստահեցնում եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ դատարանը «Քիմպրոմը» սնանկ է ճանաչել, բայց վճիռը բողոքարկվել է, եւ քննարկումները շարունակվում են։ «Մեր կողմից մենք առաջարկներ կներկայացնենք զարգացման հնարավորությունների վերաբերյալ, իսկ որոշողը սեփականատերն է»,- հայտարարել է նախարարը։




























