Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի բողոքարկումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումա ասաց Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն ստացել է մեր հայցադիմումը և առաջիկայում տեսնենք, թե ինչ կլինի»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, որն անփոփոխ էր թողել դատավճիռը:



























