Տավուշի մարզում ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին արդեն սկսել են փոխհատուցում ստանալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տավուշի մարզպետարանից:
Նրանց փոխանցմամբ՝ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետեւանքով տուժել եւ վնասներ են կրել Տավուշի մարզի 16 սահմանամերձ համայնքներ` Սեւքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը:
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ ստեղծվել էր մասնագիտական փորձագիտական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրել, գնահատել ու հաշվարկել էր հրետակոծության հասցրած վնասները: Հրետակոծությունից վնասվել էին Վազաշենի համայնքային կենտրոնը, Այգեպարի մանկապարտեզը, Բերդավանի երաժշտական դպրոցն ու գեղագիտական կենտրոնը եւ 586 տնտեսություն:
Կատարված հաշվարկները Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացվել էին ՀՀ կառավարություն: Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետարանին 63 մլն 605 հազար 500 դրամ գումար է հատկացվել 586 տնտեսության վնասները փոխհատուցելու համար եւ 2 մլն 425 հազար դրամ գումար՝ Այգեպարի մանկապարտեզի տանիքի վերանորոգման, Վազաշենի համայնքային կենտրոնի եւ Բերդավանի երաժշտական դպրոցի ու գեղագիտական կենտրոնի վնասները վերականագնելու նպատակով: Փաստաթղթային ձեւակերպումներն արդեն ավարտված են, գումարները փոխանցվում են հասցեատերերին նրանց կողմից բացված համապատասխան հաշվեհամարների վրա:
Հիշեցնենք, որ կառավարությունը փոխհատուցման վերաբերյալ որոշումը կայացրել է հոկտեմբերի 8-ին:




























