Հայաստանը հնարավոր ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու համար, այն է` հասնել իր գործողությունների ծրագրով նախատեսված ոչ ավել քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացման: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են այս տարեվերջին Փարիզում` պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում ստորագրվելիք նոր համաձայնագրին առնչվող հարցեր:
Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթուղթը սույն թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացվել է կոնվենցիայի քարտուղարությանը եւ պատրաստակամ է իրականացնել այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել եւ շնորհավորել Հայաստանին «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթուղթն ընդունելու համար` շեշտելով, որ այն շատ հավակնոտ եւ լավ մշակված փաստաթուղթ է: Պյոտր Սվիտալսկին նաեւ շեշտել է, որ Փարիզում կայանալիք համաժողովը ԵՄ գերակա խնդիրներից է, որտեղ ցանկանում են ընդունել արդար, համապարփակ փաստաթուղթ: ԵՄ ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանին միանալ ԵՄ երկրների ջանքերին` ընդունելու համաձայնագիրը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր ամեն ինչ կանի կլիմայի փոփոխության մեղմման նպատակով միջոցառումներ իրականացնելու համար, այն է` հասնել իր գործողությունների ծրագրով նախատեսված ոչ ավել քան 2 աստիճան ջերմաստիճանի բարձրացման: Բնապահպանության նախարարը միաժամանակ մտահոգություն է հայտնել նաեւ մոտ մեկ շաբաթ առաջ կոնվենցիայի քարտուղարությունից ստացած 150 երկրների ներկայացրած «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) նախնական վերլուծության վերաբերյալ, ըստ որի, եթե ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ներդրումներն իրականանան ներկայացված ցուցանիշներով, ապա Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը կբարձրանա 3-3.5 աստիճան, այն դեպքում, երբ նախատեսված էր, որ առավելագույն շեմը պետք է լիներ 2 աստիճանը եւ երկրներն իրենց ազգային ներդրման ծրագրերը մշակում էին այդ չափորոշիչով:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նկատել է, որ «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» հայեցակարգային փաստաթղթի ընդունումը Հայաստանի կողմից քաղաքական կամքի դրսեւորում է եւ լուրջ նախադրյալ, որ Փարիզում կլինեն արդյունավետ բանակցություններ եւ կարեւոր համաձայնագիր կստորագրվի:
Հանդիպման ավարտին Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության երկրների դեսպաններին` արդյունավետ համագործակցության համար եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի ինտենսիվ կդառնա եւ մեծ ծավալներ կընդգրկի:





























