Ճանապարհորդողները պատմել են, թե օդանավում որ ուղեկիցներն են հատկապես անտանելի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Aviasales որոնման համակարգի հետազոտությունը։ Հարցմանը մասնակցել է հազար մարդ։
Ամենից շատ մարդկանց զայրացնում են ալկոհոլը չարաշահած ուղեկիցները։ Հարցման մասնակիցների 36 տոկոսը նշել է հարբած ուղեւորները օդային ճանապարհորդությունների համար իսկական աղետ են։
Երկրորդ տեղում օդանավում կոշիկները հանող զբոսաշրջիկներն են։ Հարցվածների 27 տոկոսը նշել է, որ պատրաստ չէ համակերպվել այդ հոտի հետ։ Երրորդ տեղում մանկահասակ ուղեւորներն են։ Հարցվածների 17 տոկոսը կարծում է, որ օդանավում ճչացող երեխայից վատ բան չկա։
Հարցվածների 11 տոկոսը խոստովանել է, որ հատկապես նյարդայնանում է, երբ դիմացի ուղեւորը նստատեղի թիկնակը շատ է հետ գցում։ Իսկ 9 տոկոսն էլ տանել չի կարողանում չափից դուրս շատ խոսող ուղեկիցներին։





























