Երեւանցի 26-ամյա ամուսինների՝ Արմեն Ավետիսյանի եւ Լուսինե Սադոյանի 6 ամսական դստեր՝ Լուիզայի մոտ լյարդի ցիռոզ է հայտնաբերվել:

NEWS.am-ի հետ զրույցում Լուսինե Սադոյանը պատմեց, որ դուստրը ծնվել է 2015թ. ապրիլի 15-ին, հղիության ընթացքում բարդություններ չեն եղել, երեխան առողջ է ծնվել:

Ծնունդից 3 օր անց ծնողները նկատում են, որ երեխան դեղնել է: Պոլիկլինիկայի բժիշկն ամուսիններին ասում է՝ պետք չէ անհանգստանալ, Լուիզայի մոտ ընդամենը դեղնուկ է:

Բուժում է նշանակվում, սակայն 2.5 ամիս անց երեխայի մոտ ոչ մի դրական փոփոխություն չի նկատվում, ընդհակառակը՝ նրա գույնը հողագույն է դառնում:

Լուսինե Սադոյանը եւ Արմեն Ավետիսյանը իրենց դստերը տանում են Մուրացանի անվան մանկական հիվանդանոց, երեխան հոսպիտալացվում է, անալիզներ են հանձնում, պարզվում է՝ Լուիզայի մոտ լյարդի հեպատիտ է:

Ծնողները որոշում են երեխային հետազոտության տանել այլ բժշկի մոտ: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում վերջնական ախտորոշում է տրվում՝ լյարդի ցիռոզ:

Լուսինե Սադոյանի խոսքով՝ պետք է անհապաղ լյարդի փոխպատվաստում անել, ինչի համար անհրաժեշտ է 100 000 եվրո:

«Սկզբից Մոսկվայի անունը տվեցին, հետաքրքրվել ենք, ասում են՝ ամենալավ փոխպատվաստումն արվում է Եվրոպայում: 100 000 եվրոն դեռ նախնական գումար է: Ասում են՝ ժամանակը մեր դեմ է աշխատում, շտապ պետք է փոխպատվաստում կատարել»,-ասաց Լուիզայի մայրը:

6 ամսեկան Լուիզա Ավետիսյանի լյարդի փոխպատվաստման անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով Ամերիաբանկ ՓԲԸ-ում Լուսինե Սադոյանի անվամբ հաշվեհամար է բացվել՝

AMD - 1570022984100100

USD - 1570022984100101

EUR - 1570022984100146

RUB – 1570022984100158

Երիտասարդ ամուսիններին դրամական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Ավետիսյանին՝ 099 75 01 73 հեռախոսահամարով: