Ճարպակալումով տառապող շունը՝ Հենրի 8-րդ մականունով, որն իր տիրուհու հետ միասին ճամփորդում էր American Airlines ավիաընկերության առաջին կարգի տոմսերով, համացանցի աստղ է դարձել: Օդանավի վայրէջքից առաջ մեծ ու փափուկ սայլակի մեջ նստած շան լուսանկարը ուղեւորներից մեկն էր տեղադրել Twitter-ում: Այս մասին գրում է Lenta-ն ՝ վկայակոչելով Metro-ն:

Լուսանկարը 6.8 հազար «ռեթվիթ» է հավաքել:

Metro -ն նշում է, որ շան տիրուհին առաջին կարգի երկու տոմս էր գնել՝ իր ու իր շան համար: Սակայն շունը ամբողջ ուղեւորության ընթացքում հանգիստ պառկած էր կնոջ ոտքերի վրա:

Լուսանկարի հեղինակը նաեւ պատմել էր , որ ուղեւորներից շատերը շշուկով քննարկում էին, թե ինչպես է կենդանուն «հաջողվել» այդքան քաշ հավաքել:

ԱՄՆ կենդանաբանների տվյալներով՝ երկրի տնային կենդանիների կեսից ավելին ավելորդ քաշ ունի, ինչը նրանց կարծիքով դա սխալ սնվելու ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների բացակայության հետեւանք է: Ընդ որում, զլանալով հետեւել իրենց կենդանիների քաշին՝ շատ հաճախ նրանց տերերն էլ են գիրանում: