Ադրբեջանում մոտ 5 մլն քաղաքացի նոյեմբերի 1-ին առաջադրված 1200 թեկնածուներից խորհրդարան է ընտրելու 125 պատգամավորի։ Սակայն թեկնածուների նման մեծ թիվը չի նշանակում, որ ընտրողները կարող են ազատ ընտրություն կատարել։ Այս մասին politico.eu-ում հրապարակած հեղինակային հոդվածում գրում է Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը։
Նրա խոսքով՝ խախտումներն ու խարդախությունները գրանցվել են Ադրբեջանի բոլոր ընտրություններում՝ սկսած 1991թ.ից, երբ Ադրբեջանը անկախություն ձեռք բերեց։ 2005թ. եւ 2010 թ. կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ՄԻԵԴ-ը մի շարք որոշումներ կայացրեց, որոնցով Ադրբեջանին մեղավոր էր ճանաչել ազատ ընտրությունները խախտելու համար։
Ինչպես գրում է Մույժնիեկսը, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն այսօր ավելի շատ է ստվեր գցում կայանալիք ընտրությունների վրա մի երկրում, որտեղ ճնշվում են իրավապաշտպանները, լրագրողներն ու դիտորդները։ «Այդ պարագայում անհնար է լիարժեք բանավեճեր անցկացնել կամ հաշվետվություն ապահովել»,- կարծում է Եվրոպայի խորհրդի հանձնակատարը։
Մույժնիեկսը նշում է, որ չնայած միջազգային հանրության քննադատությանը, Ադրբեջանի իշխանությունները իրենց հին գործելաոճը չեն փոխում։
«Կամ Ադրբեջանի բոլոր իրավապաշտպաները գող են, խուսափում են հարկերից եւ լրտեսներ են, կամ էլ այդ երկրի քաղաքական եւ դատական համակարգում ինչ-որ բան սխալ է։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Եվրոպայի խորհուրդը եւ այլ միջազգային կազմակերպություններն աշխատել են այդ իրավապաշտպանների հետ։ Մենք գիտենք նրանց եւ գնահատում ենք Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գործում ունեցած նրանց ավանդը»,- գրում է հանձնակատարը։
Նրա կարծիքով Ադրբեջանի համար աճող միջազգային մեկուսացումը հաղթահարելու միակ շանսը բանտերից բոլորին ազատելն է լինեն դրանք իրավապաշտպաններ, լրագրողներ կամ ընդդիմադիր քաղաքացիներ։





























