Ուրուգվայի նախագահի անձնական բժիշկ Մարիո Զելարյանը դեպի Փարիզ չվերթ իրականացնող օդանավում օգնել է փրկել երիտասարդ ֆրանսուհու կյանքը։

Նախագահ  Տաբարես Վասկեսը եւ նրա բժիշկը ալերգիկ ռեակցիա ստացած ուղեւորուհու կյանքը փրկելու համար վերակենդանացման գործողություններ են կատարել։ Այս մասին ուրուգվայական Busqueda  թերթին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Զելարյանը, գրում է The Telegraph-ը։

Բժշկի խոսքով՝ իրավիճակը բավականին լուրջ է եղել։ «Եթե մենք չօգնեինք նրան, չգիտեմ, թե ինչ կլիներ»,- նշել է Զելարյանը։

Նա նաեւ ասել է, որ Ուրուգվայի նախագահն օդանավում օգնություն է ցուցաբերում արդեն 3-րդ անգամ։ Առաջին անգամ դա եղել էր դեպի Ասիա թռիչքի ժամանակ, իսկ երկրորդ անգամ նա օգնել էր ամերիկուհուն, որը ասթմայի նոպա էր ունեցել դեպի Եվրոպա թռիչքի ժամանակ։