Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները եւ նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Այս մասին, հոկտեմբերի 29-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել եւ շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները եւ նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Քննարկումների ընթացքում կարեւորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, եւ ընդգծվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ բոլոր հնարավոր ոլորտներում ակտիվ երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին  Հայաստանի պաշտպանության նախարարը եւս մեկ անգամ շնորհավորել է Պյոտր Սվիտալսկուն, հույս հայտնելով, որ Հայաստանում միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հետագա զարգացման գործում: