Էլ Նինյո բնական երեւույթը, որի պատճառով Հյուսիսային Ամերիկային վտանգավոր փոթորիկներ, ջրհեղեղներ ու սողանքներ են սպառնում, արտասովոր երեւույթի պատճառ է դարձել Չիլիի ափին գտնվող Աթակամա անապատում: Մոլորակի ամենաերաշտային վայրը տարվա մեջ երկրորդ անգամ ծածկվել է ծաղկային վառ գորգով, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Yahoo News-ը:

Աթաքամա անապատը Երկիր մոլորակի ամենաչոր անապատն է համարվում: Դրա տարածքում մի քանի տասնամյակը մեկ անգամ է անձրեւ գալիս: Անապատի հարթավայրային մասը գրեթե անկենդան է, այնտեղ միայն կապտականաչավուն ջրիմուռներ են աճում ու մանր կակտուսներ:

Սակայն ուժեղ Էլ Նինյոն ( Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում ջրի մակերեսային շերտում ջերմաստիճանի տատանումների փուլը, որի ժամանակ տաքացած ջրերը արեւելք են շարժվում ) 2015 թ. Աթաքամայում անսովոր առատ տեղումներ էր առաջացրել:

Դրա շնորհիվ հողի տակ քնած սոխուկները ու արմատները սկսել են ծլել: Աթաքամայի գունատ հարթավայրերը ծածկվել են դեղին, կարմիր, մանուշակագույն ու սպիտակ ծաղիկներով: