Գերմանիայի Դորտմունդ քաղաքի ամենամեծ բուսաբանական այգում կհիմնադրվի հայ-գերմանական բարեկամության ամենամեծ այգին։ Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը։ Նրա խոսքով՝ դա աշխարհում մեծությամբ 6-րդ այգին է, որը կունենա տարբեր տեսակի ծառերով, բույսերով եւ ծաղիկներով հագեցած հայկական բաժին։

Ազատ Օրդուխանյանը հիշեցրել է, որ հայ-գերմանական բարեկամության առաջին այգին ստեղծվել է 2015թ. ապրիլի 11-ին Երեւանում, երկրորդը՝ Գերմանիայի Բոխում քաղաքում, իսկ երրորդը՝ Եղեգնաձորում քաղաքապետարանի աջակցությամբ։

«Ծրագրի հովանավորչությունը ստանձնել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը»,- ընդգծել է նա եւ հավելել, որ ծառատունկը նվիրված է Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության 155-ամյակին։