Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում 1 շաբաթ առաջ սպանված 76-ամյա Գոհար Բարսեղյանի գործով որպես կասկածյալ ոստիկանները ձերբակալել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 16-ամյա Նարեկ Խաչատրյանին։
NEWS.am-ի տեղեկություններով՝ 76-ամյա կինը դեպքի օրն առավոտյան տնից դուրս է եկել, գնացել հողամաս եւ մինչեւ երեկո չվերադառնալուց հետո ընտանիքի անդամներն անհանգստացել են եւ գնալով հողամաս՝ գտել Գոհար Բարսեղյանի դին՝ գլխի հատվածում բաց, բութ, գանգուղեղային վնասվածքով:
Դին հայտնաբերելուց հետո պարզվել էր, որ տարեց կնոջ ականջօղերն անհետացել էին: Այս օրերին իրավապահ մարմինները մի քանի տասնյակ մարդկանց էին բերման ենթարկում՝ պարզելու, թե ով է կատարել սպանությունը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 24-ին երեկոյան Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել էր նույն գյուղի բնակչուհի, 76-ամյա Գոհար Բարսեղյանի դին:
Դիակի արտաքին զննությամբ՝ գլխի հատվածում հայտնաբերվել էր բաց, բութ, գանգուղեղային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր գյուղատնտեսական օգտագործման բահ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր։ Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետեւանք է նշված գանգուղեղային վնասվածքի։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):





























