Volkswagen կոնցեռնը չի պատրաստվում հետաձգել նոր նմուշների շուկա դուրս բերումը, չնայած դիզելային սկանդալի պատճառով կրած ֆինանսական կորուստներին: Սակայն «դիզելգեյթը» ամենաուղղակի ազդեցություն կունենա նոր սերնդի Golf-ը շուկայում դիրքավորելու վրա:
Արտադրողն առաջվա պես պատրաստվում է շեշտը դնել իր ամենաժողովրդական մոդելի նորարարական եւ խնայողական լինելու վրա: բայց ուրիշ եղանակով է պատրաստվում իրացնել այդ արժանիքները. առնվազն ԱՄՆ-ի շուկայում հեչբեքի հիմնական մոդիֆիկացիաներից մեկը հիբրիդային կլինի:
Volkswagen ապրանքանիշի եվրոպական ներկայացուցչություններից մեկում ԱվտոԼուրերի սեփական աղբյուրը հաստատել է, որ արդեն աշխատում են «Գոլֆի» 8-րդ սերնդի վրա, սակայն սերիական մոդելը վաճառքի կհանվի 2017-ի կեսից ոչ շուտ: Չնայած հեչբեքի` ապրանքայինին մոտ նմուշը կարող են ցուցադրել 2016-ին Փարիզի մոտորշոուին կամ էլ Ժնեւում` կես տարի անց: Golf-ի ընթացիկ` յոթերորդ սերունդը կթողարկվի դեռեւս առնվազն մեկ ու կես-երկու տարի, այդ նմուշի նկատմամբ պահանջարկը գերազանցել է VW-ի բոլոր ակնկալիքները:





























