ԱՄՆ-ում ցմահ բանտարկության է դատապարտվել Օսամա Բեն Լադենի նախկին զինակից Մամդուհ Մահմուդ Սալիմը, հաղորդում է Associated Press-ը: Նա մեղադրվում է Նյու Յորքի քաղաքային բանտի աշխատակից Լուիս Պեպեին սպանելու փորձի մեջ: Սալիմը ձողով հարվածել էր բանտապահին, որի արդյունքում վերջինս կորցրել էր աչքն ու ուղեղի վնասվածք ստացել:

Ըստ դատարանի որոշման՝ Սալիմը նաեւ 4,72 մլն դոլար փոխհատուցում է վճարելու Պեպեին վնասի հատուցման եւ ծախսերի համար:

Սալիմը ձերբակալվել էր 1998թ. Գերմանիայում եւ արտաքսվել էր ԱՄՆ: Ամերիկյան իշխանությունները նրան կասկածում էին Քենիայում եւ Թանզանիայում ահաբեկչությունների նախապատրաստման մեջ:

Բանտապահի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել 2000թ.: 2004թ. նա դատապարտվել էր 32 տարվա ազատազրկման, սակայն 2008թ. դատավճիռը չեղյալ էր համարվել եւ գործը նորից էին քննել: