Անկարայի համար հարցը ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը չէ, այլ, ավելի շուտ, Ադրբեջանին իր տարածքը վերադարձնելը ի սկզբանե վիճարկվող տարածքից  (ԼՂԻՄ-ի տարածքի սահմանները) անդին: Այդ մասին «Միջազգային «Диалог» մամուլի կենտրոն», նախագծի շրջանակում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ընթացքում  նոյեմբերի  2-ին ասել է Թուրքիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանների Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Նիգյար Հեկսելը՝ պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում հարցի խաղաղ կարգավորմանը:  

Նրա խոսքով, անկախ դրա ընկալումից, Անկարայի իսթաբլիշմենթի, այդ թվում նաեւ՝ հիմնական քաղաքական էլիտաների եւ պետական հիմնարկությունների համար կարեւոր է Կովկասը տեսնել  «բաց տարածաշրջան», Թուրքիայի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաց սահմաններով եւ տարածաշրջանային ինտեգրացիայի հնարավորությամբ: 

Անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիան իր շահերը չի՞ զոհաբերում Ադրբեջանի պատճառով, Նիգյար Հեկսելը նշել է.  «Շատ տարիների ընթացքում Անկարան տարբեր առաջարկներով է հանդես եկել, որպեսզի բացվի Հայաստանի հետ սահմանը եւ Հայաստանը ներգրավվի զարգացման տարածաշրջանային սխեմաներում՝ գրավված շրջաններից հեռանալու եւ ադրբեջանցի բռնի տեղահանվածների վերադարձի դիմաց:   Չնայած Թուրքիայում հիմնարար անորոշություններ կային այդ դրույթի վերաբերյալ, թե, օրինակ, քանի շրջանից պիտի հեռանա Հայաստանը»: Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայում իհարկե կան մարդիկ, որոնք այդ մոտեցումն անիմաստ են համարում: «Այնուամենայնիվ, Թուրքիայում ավելի տարածված է հակառակ տեսակետը, որ Հայաստանն է իր հիմնարար շահերը զոհաբերում այն շրջանների համար, որոնք ի սկզբանե անվիճելի էին», - հավելել է թուրք վերլուծաբանը: