ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անձամբ դեմ է, որ «Այո»-ի ճակատը միասնաբար իրականացնի սահմանադրական փոփոխությունների քարոզը։ Այս մասին նա նոյեմբերի 2-ին հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Ես ի սկզբանե դեմ եմ եղել դրան, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մարտավարություն են տանում։ Ի վերջո ընդդիմություն են եղել չէ՞, ընդդիմություն են, այսօր ինչ-որ միավորվելով՝ կարող են խառնաշփոթ առաջացնել»,- նշել է նա։
Հարցին, թե այդպիսով կնույնացվե՞ն իշխանության հետ, մինչդեռ արդյունավետ է, որ «Այո»-ի քարոզն ընդդիմադիր դիրքերից անցկացնեն, ասաց․ «Այո, նախ նման առաջարկություն չի եղել, որ մենք մերժենք կամ՝ ոչ, իրենք են ընտրել, որ առանձին իրենք պետք է տանեն քարոզարշավը։ Ով է ասում, որ բոլոր դրույթներին բոլորս միանման մեկնաբանություն ունենք, տարբեր մեկնաբանություններ կան։ Դրույթներ կան, որ մինչեւ այսօր էլ վիճելի են, նրանք իրենց մեկնաբանությունն ունեն, Հանրապետականը՝ իր։ ինչի մեր կարծիքը փաթաթենք իրենց վզին, կամ իրենք՝ մեր։ Մենք ասել ենք՝ մեր շտաբները բաց են, կարող եք փոխանակել ինֆորմացիա, բայց յուրաքանչյուր ուժ ունի իր մարտավարությունը»։
Հարցին, թե կարո՞ղ են նրանք ինֆորմացիա փոխանակել օրինակ արձանագրած ընտրակեղծիքների վերաբերյալ, ինչն օրինակ խոստանում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ լինելով «Այո»-ի ճակատում՝ ահազանգելու է խախտումների մասին նախկինի պես։
«Ոչ միայն Բարգավաճ Հայաստանը, ընդդիմությունը, Հանրապետականը, բոլորը պետք է լծվեն ընտրակեղծիքների դեմ պայքարի գործին։ Եթե մայր օրենքում ունեցանք նեգատիվ երեւույթներ ու հանկարծ կասկածի տակ դրեցինք հանրաքվեն, բավականին խնդիրներ կունենանք, թե՛ միջազգային իմիջի, թե՛ հետագայում այն կիրառելու հետ կապված»։
Մեր հարցին, թե փաստորեն ինքն էլ է անհանգստանում ընտրակեղծիքների հավանականությունից, Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք անհանգստանում ենք սադրանքներից, որ հանկարծ սադրիչ գործողություններ չլինեն։ Որ տեսնեն ամեն ինչ նորմալ է ընթանում, կարող են այնպիսի նեգատիվ երեւույթներ ստեղծել, թմբկահարել, այդ իսկ պատճառով բոլորս պետք է զգոն լինենք»։
Դիտարկմանը, թե նախկին ընտրություններին բազմիցս արձանագրել են իշխանության ձեռամբ կատարած կեղծիքները, Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք ներկայի մասին ենք խոսում։ Բնականաբար առաջին պարտվողը առաջին դրոշ դա է սարքում՝ ընտրությունները կեղծված են»։





























