ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին այցելել է 4 օր առաջ հացադուլ հայտարարած՝ ազատամարտիկ, 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին:

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ իր տպավորությամբ Վոլոդյա Ավետիսյանի վիճակը նորմալ էր:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի հացադուլին է միացել եւս 7 դատապարտյալ: Նրանց բոլորի բողոքը պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու մասին որոշումների դեմ է, նրանց դժգոհությունը առաջացրել է որոշումների չհիմնավորված լինելը: 

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: