Իսպանական Կադիսում ՆԱՏՕ-ի Trident Juncture 2015 զորավարժությունների դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին հաղորդում է ԷՖԷ գործակալությունը:

Ակցիան նախաձեռնել է «Հակառազմական եվրոպական ցանց» կազմակերպությունը: Ցույցին մասնակցել են Մեծ Բրիտանայի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ցույցը համընկել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի՝ Կադիս այցի հետ, ով շրջան է ժամանել՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին հետեւելու համար:

Trident Juncture 2015-ը, որին 36 հազար մարդ է մասնակցում, անցկացվում է երկու փուլով: Հոկտեմբերի 3-16-ը կայացել է հրամանատարա-շտաբային փուլը, իսկ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 6-ն անցկացվում են դաշտային մանեւրումները: Զորավարժությունների հիմնական մասն անցկացվում են Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի տարածքում: